Հայկական կինո, կինոարվեստն ու կինոարտադրությունը Հայաստանում։ Հայկական կինոարվեստն սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Հայկական կինեմատոգրաֆի առաջին կադրերն ստեղծել է Ալեքսանդր Դիգմելյովը 1911 թվականին Սբ․ Էջմիածնում՝ նկարահանելով Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողությունը։ Այդ կադրերը հետագայում համարվել են կորած, սակայն գտնվել են 2013 թվականին կինովավերագիրներ Ս. և Տ. Մաթոսյանների կողմից։
1912 թվականին եգիպտահայ հրատարակիչ Վահան Զարդարյանը ստեղծել է հայկական թեմայով առաջին հայկական կինոնկարը, որ կոչվել է պարզապես «Հայկական սինեմա»։ Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 1913 մարտի 13-ին Կահիրեում։
1913 թվականին Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը՝ «Երդումով կապվածները», սցենարիստ և զլխավոր դերակատար՝ Վահրամ Փափազյան)։