
 Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին ,  «Թռչող ջայլամ»  ռեստորանային համալիրում կայացավ համայնքի մերզասեր հասարակայնության հանդիպումը  հունահռոմեական ոճի ըմբիշներ, Ռիո-2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հետ:
 Նրանց հետ էին նաև վաստակաշատ մարզիչները՝  Գևորգ  Ալեքսանյանը  և Սամվել Գևորգյանը:
 Դիլիջան համայքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ջերմորեն ողջունելով փառապանծ մարզիկներին, հրապարակեց համայնքի ավագանու որոշումը, որով Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը արժանացել են Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման և պարգևատրվել  քաղաքապետարանի ոսկե մեդալով: Համայնքապետարանի ոսկե մեդալով պարգևատրվեցին  նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:
Համայնքի ղեկավարը հանձնելով պարգևները, մաղթեց հետագա նոր  հաջողություններ համաշխարհային սպորտի ասպարեզում:
Անվանի մարզիկներին իրենց ողջույնի խոսքը  հղեցին վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը  և քաղաքի կրթական հաստատությունների սաները:
Հանդիպումը ջերմ էր ու սրտառուչ: Աշխարհահռչակ մարզիկները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին, իսկ հրաժեշտից առաջ լուսանկարվեցին, որպես օրվա անմոռաց հիշողություն: 
 Մինչ հանդիպումը, պատվավոր հյուրերը այցելել էին նաև Դիլիջանի միջազգային քոլեջ, հանդիպել սովորողների հետ: